Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հոգին ու Բռնակալը

Հոգին ու Բռնակալը
04.03.2014 | 11:10

ԹԱՎՐԵ

Հոգին ու Բռնակալը


Հոգին միշտ էլ ցանկացել էր պոկվել մարմնից ու ճախրանք վայելել անձևության մեջ, բայց գիտեր, որ մարմինը, ինչպես ցանկացած ձև, Բռնակալ է… Մի օր, երբ Բռնակալը խոր, շա՛տ խոր քնի մեջ էր ու գլխի թեքության պատճառով ճեղքված շուրթերի արանքով էր շնչում, Հոգին վերջապես հաջողեցրեց դուրս սողոսկել այդ ճեղքից: Բռնակալը չհասցրեց էլ ուշքի գալ, մեկ-երկու անգամ ջղաձգվեց ու դադարեց շարժվել… Համր ցնծությամբ Հոգին տոնեց իր հաղթանակը: Կիսախավար սենյակում, առաստաղի բարձրությունից նա սկսեց զննել քիչ առաջվա իր ապաստանը: Տեսավ, որ նրա կողակիցն արթնացավ, սկսեց շնչակտուր ու ողբագին ցնցել մյուսին: Տեսարանն անտանելի էր: Հոգին կուչ գալով սեղմվեց առաստաղին: Փորձառու հոգիներից լսել էր, որ իրենց անմահության գաղտնիքը, վարձը Բռնակալների նկատմամբ ունեցած ատելությունն է: Անհիշելի ժամանակներից, երբ փոխեփոխ շունչ ու կենդանություն էր հաղորդում ծառ ու ծաղկի, մարդ ու գազանի, ինքը միայն տոնում էր նրանց անխուսափելի մահը: Սակայն հիմա, անձև ու անպատյան արբեցնող ազատության մեջ` հանկարծ հասկացավ, որ սա իր վերջն է: Ինքը դատապարտված է կործանման, քանզի… հանդգնել է խղճա՞լ: Այո՛, ինքը հիմա խղճում էր իր Բռնակալի վրա հեծկլտացող կնոջը: Բայց գրո՛ղը տանի… Ինքը հիմա մի ցանկություն ունի միայն, անդիմադրելի մի ցանկություն… հե՛տ սողոսկել Բռնակալի բերանի ճեղքով:


Իմ հայելու մեջ

Նման հանգած դեմքեր, խամրած աչքեր տեսնելիս միշտ կարծել էի, թե միայն իմ խորաթափանցությունն է կարողացել դրանք զանազանել ամբոխի մեջ, դրանցում մոտալուտ վախճանի շունչ նշմարելով: Դրանց տերերը բարի կամ չար մարդիկ էին. բարիները՝ անխռով համակերպվածությամբ, իսկ չարերը՝ անհագուրդ ծարավով ու նախանձով: Պատկերացրեք, հանգած դեմք ու խամրած աչքերով չար ու բարիները նույն այգում, տարբեր նստարանների նստած` հետևում են մանուկների խաղին: Ձևացրեք, թե տարված եք ձեր եղունգները կրծելով ու աննկատ հետևեք նրանց: Ահա՛, խաղը սկսված է. թե՛ չարերի, թե՛ բարիների ձեռքներին ախորժաբեր փափեթավորմամբ կոնֆետներ են հայտնվում: Երեխաները կախարդված մոտենում են օգտվելու հյուրասիրությունից… Թույլ են տալիս, որ շոյվեն իրենց գլուխները, և ստանալով կոնֆետները՝ վերադառնում են իրենց խաղին: Մի դեպքում փոքրիկի գլուխ շոյողը մտածեց. «Աստված քո մեջ է դրել իմ շարունակությունը…»: Մյուս դեպքում մյուսը մտածեց. «Աստված ծրագրերս կիսատ թողեց, ինձնից խլեց ու քեզ վստահեց…»: Արդեն մի քանի օր է` նման հանգած դեմք, խամրած աչքեր տեսնում եմ իմ հայելու մեջ: Սոսկալի է: Խաղաղ սոսկալիություն է: Սոսկալի խաղաղություն է: Ժամանակն է, որ մի խորաթափանց անցորդ վաղը դեմքս առանձնացնի եռացող ամբոխի մեջ՝ որպես հանգչող ու խամրող հայացքի տիրոջ: Հերթն այդ մեկինն է հիմա: Թող այդ մեկը, հետևելով ինձ, պարզի՝ չարի՞ց եմ, թե՞ բարուց:

Փակ դուռ մոլորակը


Մոտենալով Փակ դուռ մոլորակին, սովորական աչքի համար անտեսանելի թռչող սարքի միջից փոքրիկ զոնդ պոկվեց: Կախվելով երկոտանիների երբևէ կառուցած հսկայածավալ տաճարի գլխավերևում, զոնդը մի պահ հապաղեց: Ներքևում, ժխորի մեջ ալիքվող, ծայր չունեցող երկոտանիների հերթն էր, որ շարված էր տաճարի խորանում պահ տրվող սրբազան Բանալին մի պահ տեսնելու համար: Կտրուկ կիսաշրջան կատարելով, զոնդը հայտնվեց գերագույն հրամանատարի աշխատասենյակում: Մինչ ազդեցիկ ուսադիրներով հաստլիկ երկոտանին հեռախոսով համամոլորակային արտահերթ նստաշրջան էր հրահանգում, զոնդը աչքի անցկացրեց նրա առջև դրված հաղորդագրության ամփոփագիրը. «…Անցած գիշեր, տաճարի խորանում պահ տրվող սրբազան Բանալու գողության փորձի ժամանակ, բարձրավոլտ էլեկտրական լարումից տեղում մահացել է հանդուգն ոտնձգություն կատարողը…»: Հաստլիկ երկոտանին ավարտեց հեռախոսով հրահանգներ տալն ու անցավ առաջիկա զեկույցի գրառմանը. «…Վերջին հարյուրամյակում, Բանալուն տիրանալու քստմնելի փորձերի հաճախակի դառնալու կապակցությամբ՝ անհրաժեշտ է բազմապատկել սրբազան Բանալու անձեռնմխելիությանը, պահպանությանը ուղղված միջոցառումների շարքը: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գերժամանակակից պաշտպանական համակարգ ստեղծելու համար ակտիվորեն ներգրավել մոլորակի ողջ գիտական ներուժը…»: Ավելորդ համարելով այլևս ժամանակ վատնելը գերագույն հրամանատարի աշխատասենյակում, զոնդը անարգել դուրս սլացավ ու նախքան թռչող սարքին մոտենալը ձևակերպեց. «Փակ դուռ մոլորակը ուղղորդված մոլորակների ցուցակում շարունակում է մնալ առաջատար…»:

Դիտվել է՝ 1957

Մեկնաբանություններ

կա­նու­թ­յուն" />
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն